Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Քամին է որոշում՝ դուրս կգա՞ն ծովից, թե՞ ոչ»

«Քամին է որոշում՝ դուրս կգա՞ն ծովից, թե՞ ոչ»
13.07.2018 | 09:10

Սևանի ավազանի մասին պատմող ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ «Քամու հետ» վավերագրական լիամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: «Քամու հետը» երիտասարդ ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է, արժանացել է նախագահի 2017 թ. երիտասարդական մրցանակին: Ֆիլմի պրոդյուսերը Լուսինե Սարգսյանն է:


-Արթուր, մասնակցությունը «Ոսկե ծիրան» փառատոնին ի՞նչ նշանակություն ունի երիտասարդ ռեժիսորի համար: Զգացողություններդ ինչպիսի՞ն են:
-Առաջին փառատոնն է, որ մասնակցում եմ, շատ հետաքրքիր է ինձ համար և ուրախալի, որ գնահատում, վստահում և հարթակ են տրամադրում երիտասարդ արվեստագետներին:
-Ֆիլմիդ փառատոնային կյանքը նոր է սկսվում, նպատակ ունե՞ս արտերկրում այն ներկայացնելու:
-Արդեն իսկ ներկայացրել ենք միջազգային տարբեր փառատոների, սպասում ենք պատասխաններին:
-Ասում են՝ գեղարվեստական ֆիլմերը, վավերագրականի համեմատ, շահեկան վիճակում են: Ի՞նչ ես կարծում՝ վավերագրությունը հետաքրքիր չէ՞:
-Ես դժվարանում եմ տարանջատել խաղարկային և վավերագրական կինոն: Ավելին՝ այն զգացողությունները, որ ունենում ես վավերագրական ֆիլմ դիտելիս, խաղարկային ֆիլմ դիտելիս չես ունենա: Եթե խոսենք համաշխարհային կինոշուկայի մասին, կան վավերագրական ֆիլմեր, որ Բեռլինի և միջազգային այլ կինոփառատոներում գլխավոր մրցանակների են արժանանում:
-Ֆիլմիդ սկզբում նշվում է, որ Սևանա լիճը Հայաստանի ամենամեծ ջրային ավազան է, որտեղ տարեկան միջին հաշվով 10 ձկնորս է խեղդվում: Ակնհայտ է, որ ֆիլմը ոչ միայն Սևանի, այլև ձկնորսների մասին է: Ինչու՞ անդրադարձար այս թեմային:
-Թեման ինձ հոգեհարազատ է: Ես մեծացել եմ այն վայրերում, որ ներկայացված են ֆիլմում: Բնական է, որ կինոյի միջոցով առաջին հերթին պետք է անդրադառնայի այն խնդրին, որն ինձ հուզում է:
-Ֆիլմը սոցիալակա՞ն շեշտադրում ունի:
-Այո, կա սոցիալական խնդիր, մարդիկ վտանգելով իրենց կյանքը, բառիս բուն իմաստով, օրվա ապրուստ են վաստակում: Այստեղ ուրիշ հարց էլ կա՝ այս վայրում ծնված մարդը, ուզի, թե չուզի, իր կյանքը կապում է Սևանի հետ: Աշխատատեղերի բացակայության պատճառով ապրուստի հիմնական միջոցը Սևանն է դառնում:
-Ֆիլմում կին ձկնորս կա, և իր գործն այնպես է անում, ասես դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա: Կարծում եմ՝ քիչ են կին ձկնորսները:
-Նա տարածաշրջանի միակ կին ձկնորսն է: Շատ անմիջական է, անչափ կապված բնությանը: Այսպես ասած՝ տղամարդու գործ է անում, բայց այնքա՜ն քնքշությամբ, հմտորեն: Նա լողալ չգիտի, իսկ Սևանն անկանխատեսելի եղանակ ունի: Մտնում է ջուրը, աշխատում, բայց չգիտի՝ եղանակն ինչպես կփոխվի, ինքն այդ օրը տուն կվերադառնա՞, թե՞ ոչ:
-Եթե ֆիլմաշար նկարահանեիր Սևանի մասին, ի՞նչ շեշտադրումներ կանեիր:
-Իրականում նպատակ ունեմ եռապատում ստեղծելու, բայց հաջորդ երկու աշխատանքները ոչ թե Սևանին են վերաբերելու, այլ տարածաշրջանին: Իսկ առհասարակ, ինձ համար ֆիլմում, արվեստում ամենակարևորը մարդն է՝ իր ճակատագրով:
-Ֆիլմում կան կադրեր, որ լուսանկարներ են հիշեցնում, սա օպերատորական լավ աշխատանքի՞ արդյունք է: Ի դեպ, դու նաև ֆիլմի օպերատորն ես ու սցենարիստը:
-Ես մեծ մասամբ նկարահանել եմ մոտորանավակից կամ ափից, օպերատորն ավելի շատ կխանգարեր, քան կօգներ: Ինքս տեղում ճիշտ կողմնորոշվում էի: Ճիշտ դիտակետը և գեղեցիկ կադրերը երկարատև աշխատանքի արդյունք են, քանի որ ֆիլմը նկարահանել եմ մոտ երկու տարում: Եթե նկատեցիք, տարվա բոլոր եղանակները կան ֆիլմում:
-Իսկ սցենարը վավերագրական ֆիլմի պարագայում հարաբերական չէ՞:
-Իհարկե, կան բաներ, որ առաջ են գալիս նկարահանման ընթացքում, ու անմտություն է դրանց չհետևելը:
-Անդրադարձը հայկական թեմաներին երբեմն գավառականություն են որակում: Կարծում ես՝ հանդիսատեսին կգրավի՞ մեր իրականությունը, թե՞ առաջնային են աբստրակտ, գլոբալ, մոդեռն թեմաները:
-Թեմայի ընտրությունը կարևոր է, բայց ավելի կարևոր է, թե ինչպես ես ներկայացնում պատմությունը:
-Ինչու՞ «Քամու հետ»:
-Երկար մտածել եմ վերնագրի մասին: Աշխատանքային վերնագիրն էր «Մենք ապրում ենք այսպես», հետո ընտրեցի «Քամու հետը», որովհետև ձկնորսների կյանքը, մեծ հաշվով, կախված է քամուց, քամին է որոշում՝ դուրս կգա՞ն ծովից, թե՞ ոչ: Նկարահանումների ընթացքում մենք ևս զերծ չմնացինք նմանատիպ դժբախտությունից: Ֆիլմի այդ հատվածը շատ տարբեր է իր գունային լուծումներով՝ լիճը մռայլ է ու սև: Նկարահանումների ժամանակ գտնվեց ջրասույզ եղած ձկնորսներից մեկը, մյուսին դեռ փնտրում են:
-Հաջորդ ֆիլմդ ինչի՞ մասին է լինելու:
-Էվելինա Մակարյանի: Այն դեռևս սցենարական փուլում է:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ